Այսօր լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր‚ ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի 33-ամյակը։ Մաեստրո Սմբատյանին շնորհավորում են իր ընկերները‚ հայտնի երաժիշտներ Հայաստանից և աշխարհի տարբեր ծայրերից։
Անդրեյ Բարանով՝ ջութակահար- Թանկագին Սերգեյ‚ դու զբաղվում եմ սքանչելի մի գործով և դա անում ես հրաշալի։ Դու հսկայական թվով մարդկանց ես երջանիկ դարձնում՝ երաժիշտների‚ հրավիրյալ արտիստների‚ մարդկանց‚ որ աշխատում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում‚ երաժշտասերների‚ որ մեծ հաճույքով ունկնդրում են քեզ ու քո ղեկավարած նվագախումբը։ Դու առաջինն ես ամեն ինչում՝ քո խելահեղ գաղափարներով։ Ցանկանում եմ‚ որպեսզի այն սերը‚ որ դու փոխանցում ես մարդկանց երաժշտության‚ քո արվեստի միջոցով‚ աշխարհի բոլոր ծայրերից մեծ ուժով վերադառնա քեզ։
Արմինե Գրիգորյան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն‚ դաշնակահարուհի- «Թանկագին Սերգեյ‚ իմ շնորհավորանքը ես հղում եմ մեր շատ սիրելի մաեստրո Արամ Խաչատրյանի տնից՝ նրա աշխատասենյակից‚ դու այն մարդն ես‚ ով իսկապես արժանի է դրան։ Ես քեզ շատ սիրում ու գնահատում եմ։ Քեզ՝ որպես ստեղծագործ մարդու‚ ցանկանում եմ մեծաթիվ նախագծեր‚ հետաքրքիր համերգներ‚ ելույթներ և քո բոլոր խելահեղ գաղափարների իրականացում»։
Արմեն Մուրադյան՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր- Սիրելի մաեստրո‚ ի սրտե շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ անսպառ լավատեսություն‚ որով դու կարողանում ես նաև վարակել երիտասարդությանը։ Դու կյանքի կոչեցիր պրակտիկորեն անհնարին մի երևույթ. կարողացար այս սրընթաց աշխարհում երիտասարդությանը ձգել դեպի դասական երաժշտություն։ Ես հպարտանում եմ‚ որ մենք ընկերներ ենք‚ հպարտանում եմ‚ որ Հայաստանում կա Սերգեյ Սմբատյան‚ որը կարողանում է աշխարհով մեկ սփռել հայկական մշակույթը‚ իր լավատեսությամբ‚ իր անսպառ էներգիայով կարողանում է մարդկանց համախմբել։
Վահագն Հայրապետյան՝ դաշնակահար- Սերգեյ ջան‚ շնորհավորում եմ‚ ցանկանում եմ անսպառ ուժ ու եռանդ‚ ստեղծագործական նոր վերելքներ‚ ինչպես միշտ՝ լավ‚ դրական տրամադրություն։ Մենք դեռ շատ ու շատ գործեր ունենք իրար հետ անելու։
Նինգ Ֆենգ՝ ջութակահար- Մեծարգո Սերգեյ‚ դու երաժշտության հրաշալի դեսպան ես‚ և ինձ համար մեծագույն պատիվ է ունենալ քեզ պես ընկեր։
Սերգեյ Սմբատյանին շնորհավորանքներ են ուղղել նաև դիրիժորներ Արմեն Հյուսնունցը‚ Ջանլուկա Մարչիանոն‚ Դմիտրի Յաբլոնսկին‚ ջութակահարներ Իգոր Պետուշևսկին‚ Հայկ Կազազյանը‚ Կարեն Շահգալդյանը‚ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին‚ դաշնակահարներ Գլորիա Կամպաները‚ Հայկ Մելիքյանը‚ կլարնետահար Անդրեաս Օտենսամերը‚ դուդուկահար Կամո Սեյրանյանը‚ ԴասԱ ծրագրի մասնակից աշակերտներ և այլք։
Շնորհավորական տեսաուղերձներից հատվածներ կարող եք դիտել հետևյալ հղմամբ: